Ինչ նվիրել ամանորին:




Ինչ նվիրել նրան Ամանորին

Սիրելիիդ համար նվեր ընտրելն, անկասկած, հաճելի հոգսերից է. սակայն ինչպես գտնել այնպիսի նվեր, որը և՛ կուրախացնի նրան, և՛ օգտակար կլինի, և՛ հարմար կլինի քո գրպանին: Առաջարկում եմ մի քանի տարբերակներ, գուցե կարողանամ օգնել քեզ այդ պատասխանատու գործում:
1. Ավելի ուշադիր ԼՍԻՐ նրան
Ուշադիր եղիր՝ ինչի մասին է խոսում նա, ինչ է ուզում ու ինչ է փնտրում վերջերս: Գուցե որևէ սկավառակ կամ գիրք է նրան հարկավոր կամ վաղուց փնտրում է իր սիրելի վերնաշապիկին սազող փողկապ: Դե ինչ, առա՛ջ. կինը միշտ գտնում է, եթե փնտրում է:
2. Անհատական շապիկ
Ի՞նչ է նա սիրում, ի՞նչ մասնագիտություն ունի կամ ի՞նչը նրան կուրախացներ: Եթե օրինակ, նա ծրագրավորող է, կարող ես պատվիրել հատուկ նկարով կամ գրությամբ շապիկ. օրինակ՝ «աշխարհի ամենալավ ծրագրավորող» կամ «ես ընկերուհուս ավելի շատ եմ սիրում, քան իմ համակարգիչը»: Իսկ նման շապիկներ պատվիրելու համար կարող ես դիմել ֆոտոտպագրության սրահներ, որտեղ տպագրում են ոչ միայն շապիկներ, այլև բաժակներ ու ափսեներ: Կան նաև անհատ դիզայներներ, որոնք ձեռքով են նկարում շապիկների վրա. նրանց կարող ես հեշտությամբ գտնել Facebook սոցիալական ցանցում (Noosh կամ Hande Made by HAS):
3. Ձեր նկարը՝ փորագրված ապակու մեջ
Ապակյա հուշանվերները կարող են շատ յուրահատուկ լինել, եթե դրանցում պատկերված լինի ձեր երկուսի նկարը: Դա արվում է հատուկ տեխնոլոգիայով՝ լազերային եղանակով, ու ապակու մեջ երևում է կարծես մանր պղպջակներից ստացված պատկեր: Երևանում նման հուշանվեր կարելի է պատվիրել Մանկավարժական համալսարանի հարևանությամբ:
4. Ավանդական նվերների մասին
Միշտ էլ կարելի է ինչ-որ արտառոց ու յուրահատուկ բան մոգոնել, բայց ավանդական նվերները նույնպես կարող են ուրախացնել նրան. ի՞նչ կասես ֆոտոխցիկի մասին: Միասին կանմահացնեք երջանիկ պահերն ու ստիպված չեք լինի առիթների դեպքում ընկերներից խնդրել պրոֆեսիոնալ տեսախցիկը:
Եթե գիտես նրա սիրած գույնը, ապա դրա մուգ երանգի փափուկ ու տաք սվիտերը շատ հարմար նվեր կլինի. միայն թե ուշադիր եղիր ճիշտ չափսի հարցում:
Նա բողոքում է, որ իր դրամապանակը կոպեկների տեղ չունի՞: Հոգ չէ, նա կարող է ունենալ նորը: Իսկ եթե Ամանորը դիմավորելու եք միասին, ու նա քո զգեստի գույնին համապատասխան փողկապ չունի, ապա ... :)
5. Փոքրիկ ֆիլմ՝ ձեր մասնակցությամբ
Ընտրիր ձեր ամենասիրելի նկարներն ու երկուսիդ հոգեհարազատ երաժշտությունն ու սլայդ-շոու պատրաստիր: Եթե այդքան էլ գլուխ չես հանում նման բաներից, ապա խնդրիր ընկերներիցդ մեկին: Պատրաստի սլայդ-շոուն, որպես ֆիլմ, ձայնագրիր սկավառակի վրա ու նվիրիր: Սա իսկական անակընկալ կլինի նրա համար:
Ի՞նչ նվիրել ծնողներին Ամանորին

Ամանորին ցանկություն ես ունենում ուրախություն պարգեւել ամենահարազատ մարդկանց` ծնողներիդ: Իսկ ինչ կարելի է նվիրել նրանց, որպեսզի նրանք անկեղծ ուրախանան:
Նվեր մայրիկին
Իհարկե առաջին հերթին պետք է հաշվի առնել ձեր մայրիկի նախասիրությունները: Եթե մայրիկը սիրում է պատրաստել, նրան խոհարարական պարագան շատ կուրախացնի: Մայրիկը, որ միշտ անհանգստանում է տան արտաքինի համար, շատ կուրախանա, եթե նրան տան արտաքին հարդարանքի պարագա նվիրեք:
Մայրիկը շատ կուրախանա նաեւ, եթե նրան ձեր ձեռքերով պատրաստած որեւէ բան նվիրեք, օրինակ` զարդ:
Ինչ էլ որ նվիրեք ձեր մայրիկին, դա արեք մեծ ջերմությամբ: Մայրիկներն ամենից շատ գնահատում են իրենց երեխաների սերն ու ջերմությունը:
Նվեր հայրիկին
Տղամարդիկ առավել նախընտրում են պրակտիկ նվերները: Դրա համար, եթե ձեր հայրը, օրինակ, սիրում է ձկնորսություն կամ որս, շատ հեշտ կլինի ձեզ համար նրան նվեր ընտրելը: Հայրիկները շատ կուրախանան նաեւ, եթե նրանց նվիրեք, օրինակ, օծանելիք, ծխամորճ:
Իսկ տղամարդկանց մեծամասնությունը անտարբեր չի կարողանում մնալ լավ խմիչքի նկատմամբ, այնպես որ լավ խմիչքն էլ ամանորյա հիանալի նվեր կարող է լինել ձեր հայրիկի համար:
Комментариев нет:
Отправить комментарий